|
ՄԽԿ քաղաքական քննարկումների շարք / |
|
հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների |
|
WWW.IPS.AM - ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ` ips_armalumni@yahoo.com |
|
für eine lebendige Demokratie und Parlamentarismus |
|
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ |
|
Internationales Parlamentsstipendium |
|
Հայաստանի շրջանավարտների միություն |
|
IPS Alumniverein Armenien |
|
Հայաստանի ապաշրջափակման նշանակությունը հայկական ինքնության համար (11.09.2009) |
|
ՄԽԿ Հայաստանի շրջանավարտների միության քաղաքական ակտուալ թեմայով անդրանիկ քննարկումը կայացավ ս.թ. սեպտեմբերի 11 -ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Երևանյան գրասենյակում: Քննարկման թեման էր` <<Հայաստանի ապաշրջափակման նշանակությունը հայկական ինքնության համար>>: Քննարկումից հետո մասնակիցները ներկայացրեցին իրենց հակիրճ ամփոփումները, ինչն էլ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում: |
|
Նշենք, որ քննարկման ընթացքում մասնակիցնեըը գրատախտակին փորձել են մատնանշել թեմային վերաբերող մի շարք իմաստային բառեր և հասկացություններ, որոնց շուրջ էլ ծավալվեց բուռն քննարկում:
Ինքնություն
մենք (պատկանելություն), տարբերություն, ազգայնականություն, բազմակիություն, հարգանք, հայրենասիրություն, հնազանդություն, պետություն, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակ
Հայկական ինքնություն
Մշակույթ, ցեղասպանություն, Արևմտյան Հայաստան, Արցախ, քրիստոնեություն, լեզու, ավանդական ընտանիք, հուզականություն
Քննարկման հարցադրումներ
- Արդյոք Հայաստանի 20-ամյա շրջափակված վիճակը նպաստել է պահպանողական կամ փակ համակարգին բնորոշ արժեքների արմատավորմանը: Եթե այո, ապա որ հասարակական շերտերն են հատկապես կրում այդ արժեքները:
- Ինչպիսին է անհատի ազատության, իրավահավասարության գաղափարների և արդարության (կամ անարդարության) գիտակցության ընկալումը և առկայությունը: Ինչ դինամիկա է ապրել այդ ընկալումն ու ինչպիսին կլինի սահմանի բացումից հետո:
- Ինչ ուրվագծեր կարող է ստանալ հայկական ինքնությունը տնտեսության ապաշրջափակման պայմաններում: Որոնք են մարտահրավերները և ինչպիսին կարող է լինել տնտեսական նոր ռազմավարությունը:
Մասնավորապես, ինչպիսի տնտեսակարգի պայմաններում հնարավոր կլինի մրցակցել թուրքական և օտարերկրյա մեծ ձեռնարկությունների հետ` վերջիններիս կողմից հայկական տնտեսության մեջ գերակա դիրք զբաղեցնելուն ուղղված խոշոր ներդրումների դեպքում:
- Որոնք են այն արժեքները, որոնք թույլ կտան հատուկ դեր ստանձնել տարածաշրջանում և գրավիչ դառնալ հարևան երկրների համար:
- Արդյոք ապաշրջափակումը թույլ կտա Հայաստանին դառնալ եվրոպական հանրության անդամ և արժեհամակարգի լիարժեք մաս, թե երկիրը կընկնի ռուսական, թուրքական կամ իրանական ազդեցության տակ:
- Ինչ դեր է խաղում հայ եկեղեցին ինքնության վերաիմաստավորման գործընթացում:
- Ինչ նշանակություն ունի Արցախի խնդիրը նոր հայկական ինքնության համար:
- Արդյոք ազատության գաղափարը Հայաստանում պետք է անպայմանորեն սահմանափակումներ ենթադրող ընկալում ունենա` պայմանավորված արտաքին և ներքին հանգամանքներով, թե հնարավոր է լիարժեք ազատություն:
Վահրամ Սողոմոնյան
Ելնելով ինքնությունը բնորոշող մեջբերված արժեքներից` կարելի է եզրակացնել, որ այս փուլում հայկական ինքնության նկարագրությունն իսկապես սուբյեկտիվ բնույթ է կրում: Հատկանշական է նաև, որ մեջբերված ցանկում գրեթե բացակայում են ժողովրդավարական արժեքները: Իհարկե Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացումը, մարտահրավերներ առաջ բերելով, ինքնաբերաբար չի ենթադրում օլիգարխիկ կառույցների վերացում և տնտեսության վերափոխում կամ առկա քաղաքական համակարգի առողջացում, սակայն այն շանս է, որը կարող է օգտագործվել ինչպես հասարակական ուժերի, այնպես էլ հայկական կապիտալի կայացած հատվածի կողմից: Բացի այդ, հայկական ինքնության ներկայիս բավականին աղոտ ընկալումը կարող է լիովին այլ տեսք ստանալ կապիտալիստական զարգացման մի որոշակի փուլ անցնելուց հետո:
Գոռ Ողորմյան
Այդ թեմայի քննարկման համար կարևոր է տալ սահմանում հայ (ազգային) ինքնություն կոչվածին: Իմ կարծիքով ազգային ինքնությունը զարգանում է հետևյալ գործոնների ամբողջության արդյունքում: · Պետական տարածք · Պետական լեզու · Ազգային մշակույթի այլ տարրեր · Ազգի մոնոէթնիկ կամ բազմաէթնիկ լինելը · <Ազգային հարցեր>, որոնք հայ ազգի դեպքում ԼՂՀ հիմնահարցը, ցեղասպանության ճանաչման հարցը, պատմական Հայաստանի հարցը Հետևաբար, հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում հայ ինքնությունը, իմ տրամաբանությամբ, կախված է հետևյալ գործոնների զարգացումներից. 1. Սահմանի բացման արդյունքում Հայաստանի պետական տարածքները չեն փոխվի և այս իմաստով հայ ինքնությունը փոփոխության չի ենթարկվի: 2. Սահմանի բացման արդյունքում բնական է, որ երկու ազգերի միջև շփման եզրերը կավելանան և թուրքերենի իմացության աստիճանը ևս կավելանա, հետևաբար որոշ թուրքական արժեքներ կներթափանցեն հայկական արժեհամակարգ (դրանց մի մասը թերևս առկա է): Այդ արժեքներից շատերը եվրոպական են, որոնց մի մասի կրողն էլ մենք ենք: 3. Ազգային մշակույթի այլ տարրեր: Դրանց մեջ ևս առկա են թուրքական տարրեր, որոնք վերջերս ինտենսիվ կերպով դուրս են մղվում մեր արժեհամակարգից (արվեստ): 4. Ազգի մոնոէթնիկությունը: Հայ ազգը համարվում է մոնոէթնիկ, 90 %-ից ավելին հայեր են, ինչը ևս նպաստում է սահմանի բացման դեպքում ազգային ինքնության պահպանմանը: 5. Եվ ի վերջո <համազգային հարցեր, գաղափարախոսություն և այլն>: Ինչպես ցույց է տվել փորձը, ազգային խնդիրները երբեք չեն մնում չլուծված: Իսկ հակազդեցությունների, ճնշումների դեպքում պահանջատիրությունն ավելի է մեծանում: Այսպիսով, իմ համոզմամբ, հայ ինքնությունը հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում չի տուժի, հակառակը` ավելի կամրապնդվի
Էդգար Առաքելյան
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը՝ միաժամանակ բացարձակապես չեզոք եմ վերաբերվում երկու երկրների միջև սահմանի բացմամբ և միջպետական հարաբերությունների հաստատմամբ պայմանավորված ազգային ինքնության հնարավոր ձևափոխություններին: Դա բնական գործընթաց է, որը չի կարող հանգեցնել աղետալի կամ անցանկալի հետևանքների, հետևաբար նաև որևէ տագնապալի սպառնալիք իրենից չի ներկայացնում: Սրանով հանդերձ՝ այս գործընթացում կարող են ի հայտ գալ ինձ համար միանշանակ դրական զարգացումներ, որոնցից կարևորագույնը հասարակության ներսում այլատյացության դրսևորումների մասնակի մեղմացումն է: Այս ամենը հիմնականում վերաբերվում է ՀՀ քաղաքացիներին: Սփյուռքին չէի ցանկանա անդրադառնալ:
Մարտին Թովմասյան
Հայ ինքնությունը անշուշտ փոխկապված է երկրի ներքին և արտաքին անցուդարձի հետ՝ ունենալով իր անմիջական ազդեցությունը։ Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին՝ կարծում եմ, որ յուրաքանչյուր տեղաշարժ կունենա իր նշանակությունն ու առաջ կբերի մի շարք փոփոխություններ, որոնք կունենան ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություններ։ Այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության ներկայիս <սահմանափակ> բաց սահմանների առկայության պարագայում սահմանի բացումը նոր խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության հետագա առաջընթացի և զարգացման նոր հնարավորությունների համար։
Լիանա Բադալյան
Հայաստանի զարգացման ներկայիս փուլը, լինի դա եվրոպական ուղղությունը, եվրաինտեգրման գործընթացը թե հայ-թուրքական զարգացող հարաբերությունները կարելի է համարել անցումային և ինչպես յուրաքանչյուր անցումային փուլ, այնպես էլ այս փուլը չի կարող իր հետքը չթողնել հասարակության արժեքային համակարգի, ինչպես նաև ազգային արժեքների ընկալման վրա: Բնականաբար այս երևույթը ոչ այլ ինչ է, քան զարգացող երկրի և վերջինիս քաղաքացիական հասարակությանձևավորման/զարգացման բնական ընթացք: Սակայն, հաշվի առնելով, հայկական <Փակ հասարակության> երբեմն որոշակի արժեքների անսահմանափակ, շատ հաճախ նաև թյուր ընկալումը, հարց է առաջանում` արդյոք մեր հասարակությունը կբռնի զարգացման ավելի <լայն> և բաց ուղի` ձերբազատվելով մեր պատմության ցավալի էջերի թողած հետքերից, արդյոք փորձ կարվի վերաիմաստավորել հայկական ազգային արժեքները` մերը դարձնելով այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են օրինակ` ազատությունը, արդարությունը, իրավահավասարությունը, հանդուրժողականությունը, միևնույն ժամանակ փորձելով բացարձակ արժեքներ չդարձնել հնազանդությունն ուանկանխատեսելիությունը:
Զարինե Առաքելյան
Քննարկման արդյունքում պարզ եղավ, որ մասնակիցներից յուրաքանչյուրն իր ընկալումը և իր տեսակետը ունի “հայ ինքնության” ձեւակերպման եւ ձեւավորման հարցում: Սակայն յուրաքանչյուր ազգի ինքնությունը, ըստ իս, հիմնականում ձեւավորվում է ազգի միասնականության եւ միմյանց նկատմամբ հանդուրժողականության արդյունքում: Միասնական լինելիս հայ ինքնությունը շարունակ պայքարել ու պայքարում է բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ցանկություն հայտնած “հարեւանից” Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ներողություն խնդրման համար: Կարծում եմ, հայ ինքնությունը դեռ շատ վերքեր ունի չցորացած, որպեսզի վերականգնի ու ամրապնդի իր միսնականության, հանդուրժողականության, այսինքն իր “մենք”-ի գոյությունը:
Ստելլա Խալաֆյան
Հայկական ինքնության ընկալումը բավականին սուբյեկտիվ է: Սակայն ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ դա այն <Մենք>-ի զգացողությունն է, որի մի մասնիկն է իրեն համարում յուրաքանչյուր հայ: Շատ հաճախ կարելի է կարծիքներ լսել, որ մեր` փակ հասարակություն դառնալու հիմնական պատճառներից մեկը շրջափակված լինելը և մեր հարևանների հետ վատ հարաբերություններ ունենալն է, որի հետ ինչ-որ չափով համաձայն ենք, սակայն կարծում ենք, որ այն ավելի խոր պատճառներ ունի, որոնց հիմնաքարը Ցեղասպանությունն է: Այն բավականին լուրջ հետք է թողել հայկական ինքնության և ընդհանրապես գենոտիպի վրա: Եվ վերջապես, հենց մեծամասամբ Ցեղասպանության պատճառով է, որի հայերի շրջանում ինքնության խնդիրն այսքան կարևոր է: Իհարկե, պետք է նորմալ հարաբերություներ ունենալ հարևանների հետ, սակայն առանց հիվանդության պատճառը վերացնելու անհնար է խոսել առողջ լինելու մասին…
Վերգինե Ասլանյան
Ամփոփելով քննարկման արդյունքները` հանգել եմ հետևյալ եզրակացության. ընդհանրապես ինքնությունը թեպետ դժվար, բայց փոփոխության ենթակա կատեգորիա է և արտաքին միջավայրի դերը ինքնության տարրերի փոփոխության գործընթացում բավական մեծ է: Բայց կան ինքնության հիմնաքարային տարրեր, որոնք, իմ համոզմամբ, փոփոխության ենթակա չեն և չեն էլ կարող լինել, այլապես ինքնությունը որպես այդպիսին չի կարող գոյություն ունենալ: Հայկական ինքնության համար այդպիսի հիմնաքարային տարրեր են կրոնը, լեզուն, մշակույթը, որոնք հայը կարողացել է պահպանել անգամ պետականության բացակայության պայմաններում` մշտապես գտնվելով հարևան ժողովուրդների հետ ձուլման ենթարկվելու վտանգի ներքո: Այնպես որ իմ կարծիքով` Հայաստանի ապաշրջափակման պարագայում հայկական ինքնության արժեքային համակարգին գլոբալ փոփոխություններ չեն սպառնում:
|